ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական հայտարարությունն է արել Twitter-ում: Այս անգամ նրան հուզել է Թեհրանը: «Իրանը հենց նոր բալիստիկ հրթիռ փորձարկեց, որ կարող է Իսրայել հասնել,- գրել էր Թրամփը:- Նրանք նաև Հյուսիսային Կորեայի հետ են աշխատում: Այդքան էլ շատ օգուտ չունենք համաձայնագրից»: Ավելի վաղ նա հաղորդել էր, որ որոշում է ընդունել հարցով` պե՞տք է ԱՄՆ-ը դուրս գա Իրանի միջուկային ծրագրից, սակայն դեռ չի բարձրաձայնում: Թերևս այն պատճառով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ԱՄՆ դիվանագիտությունը իրանական պարտիան տանուլ տվեց:
Խոսքը ՄԱԿ-ի ամբիոնից ԱՄՆ նախագահի ելույթի թեզիսների մասին չէ: Նոր ոչինչ նա չասաց: Որերորդ անգամ նա հայտարարեց, որ 2015-ին միջազգային միջնորդությամբ կնքված գործարքը «վնասաբեր է ԱՄՆ-ի համար» և հավելեց, որ Թեհրանը շարունակում է «ապակառուցողական և խաղաղությունը խարխլող վարքագիծ», հետևաբար` «միջազգային հանրությունը պետք է համաձայնագիրը կասեցնի»: Նախագահ Հասան Ռոհանին պատասխանեց, բայց ինքնատիպ: Թրամփի ելույթը ՄԱԿ-ում նա անվանեց «անքաղաքավարի, անհեթեթ, ատելությամբ լի» և արձանագրեց, որ «Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ը մնացել էր մենակ ու դարձել ամենամեկուսացած երկիրը»: Իրոք, վեցնյակի մյուս երկրները, որ 2015-ի ամռանը ստորագրել են Վիեննայի փաստաթղթերը, հրաժարվեցին Վաշինգտոնին աջակցելուց: ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց. «Համաձայնագիրը կատարվում է և արդյունքներ է բերում»: Գլխավորը, Մոգերինիի խոսքով` «Իրանի համաձայնագրի ճակատագիրը ԱՄՆ-ը կամ որևէ այլ երկիր չեն որոշում, համաձայնագիրը հաստատել է ՄԱԿ-ի ԱԽ-ն»: Որ համահունչ է Ռուսաստանի դիրքորոշմանը: Եթե Սպիտակ տունը որոշի վերանայել իր քաղաքականությունը միջուկային համաձայնագրի մասով, դա կլինի իր միակողմանի որոշումը: Գերմանական Die Tageszeitung-ը գրում է, որ նախագահ Ռոհանիին հաջողվեց ոչ միայն «բաժանել ԱՄՆ-ն ու ԵՄ-ը», այլև ամրապնդել իր քաղաքական վիճակը երկրի ներսում, քանի որ սկսեց ենթարկվել սուր քննադատության արմատական ուժերի կողմից, որ դեմ են Արևմուտքի հետ որևէ ալյանսի ընդհանրապես: Բացի այդ, եվրոպացի փորձագետները նշում են, որ շնորհիվ ստեղծված իրավիճակի` Թեհրանն ամրապնդում է ազդեցությունը տարածաշրջանում: The Washington Post-ի գնահատականով` այս ամենը կատարվում է ԱՄՆ-ի խնդիրների համապատկերում, որ բախվում է Իսրայելի դժգոհությանը` Իրանը կմտնի ԻՊ-ից ազատված շրջանները, արաբ դաշնակիցների, իրաքյան քրդերի, որոնց անկախության ձգտմանը Վաշինգտոնը հրաժարվեց հրապարակավ աջակցել: Սիրիական ուղղությամբ արդեն գործում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքը, իսկ հիմա կարող է հայտնվել Թուրքիա-Սիրիա-Իրան ալյանսը արդեն քրդական ուղղությամբ: Ինչպես նշում են վերլուծաբանները, հիմա հենց Ռուսաստանը, այլ ոչ թե ԱՄՆ է շանս ստանում «խաղաղապահի դեր խաղալ Իրանի, Թուրքիայի ու քրդերի, սուննի արաբական պետությունների և շիական առանցքի միջև՚: Իսկ հետո, դա պետք չէ բացառել, որ Մոսկվան կարող է «ինչ-որ կոմպրոմիսի հասնել Իսրայելի ու Թեհրանի միջև»:
Այդ հեռանկարը ռեալ է թվում, որովհետև Թրամփին չի հաջողվում «Մերձավոր Արևելքում լցնել Բարաք Օբամայի վարչակարգի թողած վակուումը»: Անգամ Անկարան` գրում է թուրքական Sabah-ը, «դուրս ճախրեց ամերիկյան վանդակից` Ռուսաստանի հետ С-400-ի վերաբերյալ համաձայնագիր կնքելով»: Պարադոքս է, որ «երեք ուժեղ և կարևոր խաղացողներ` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, որ 250 տարի մրցակցում էին միմյանց հետ Կովկասում, Բալկաններում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, սկսել են միավորել իրենց ուժերը», իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում «հիմնական խաղը արմատապես փոխվում է»: Դա դեռ չի նշանակում, որ Վաշինգտոնը կորցրել է տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու ռեսուրսներն ու հնարավորությունները: Sabah-ի տեղեկություններով` ԱՄՆ-ը «սահմանադրական հեղաշրջում՚ է անում Չինաստանի դաշնակից Պակիստանում` հյուսիսկորեական ճգնաժամի պատրվակով, Պեկինի դեմ հակահրթիռային պաշտպանության համակարգեր են տեղակայվել Հարավային Կորեայում։ Թուրք և եվրոպացի փորձագետների կարծիքով` երկակի տպավորություն է թողնում և ամերիկացիների կողմից տարածաշրջանում քրդական խաղաքարտի խաղարկումը, ՙԻրանը Իրաքի կամ Սիրիայի՚ վերածելու սցենարների ի հայտ գալը, նոր քաղաքականությունը Աֆղանստանում և նույնիսկ, գուցե, Անդրկովկասում: Ամեն ինչ կսկսվի այն պահից, երբ ԱՄՆ նախագահը, հակառակ մնացած բանակցողների հորդորներին, ամբիոն կբարձրանա ու կհայտարարի Թեհրանի միջուկային գործարքից դուրս գալը: Առայժմ Թրամփը դրան պատրաստ չէ, բայց ամերիկացիների ճնշումը ԵՄ-ի վրա, Եվրոպայի կոնցեռններին ու բանկերին Իրանի հետ գործարքներ կնքելուն խանգարելու փորձերը ուժեղանալու են, աստիճանաբար ներհյուսվելով հյուսիսկորեական ճգնաժամին: Սակայն կարևորագույն մեկնակետը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն էր:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Վարագույրը քիչ-քիչ սկսում է բացվել` առանցք առ առանցք: Բայց որքա՞ն են կայուն այդ առանցքները, որ կառուցված են շահերի ժամանակավոր համընկնումների վրա` ելնելով այլ պետությունների հետ նույնքան ժամանակավոր հակասություններից: Որքանո՞վ է կայուն Թուրքիան այդ առանցքներում, որ մի քանի օր առաջ Թրամփի «լավագույն ընկերն» էր, իսկ վաղը Անկարայում ընդունելու է Պուտինին: Որքանո՞վ է իրական Իրաքյան Քրդստանի հանրաքվեի հրապարակային դատապարտումը Վաշինգտոնից ու Մոսկվայից: Անգամ Անկարայից: Դուրս կգա՞ ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Եթե դուրս էլ գա, համաձայնագիրը շարունակելու է գործել: ՈՒ ընդհանրապես` որքա՞ն է տևելու Դոնալդ Թրամփի նախագահությունը, եթե մինչև ժամկետի ավարտը պաշտոնավարի էլ, հազիվ թե երկրորդ անգամ ԱՄՆ ընտրողները նրան ցանկանան նախագահ տեսնել, գուցե նաև Հանրապետական կուսակցության թեկնածուին, իսկ մնացած երկուսուկես տարում նրան դժվար թե հաջողվի ավելի սրել իրավիճակն աշխարհում, քան հիմա է: Նույնիսկ Թրամփն է հասկանում, որ չորս տարի չի կարող միայնակ ու անվտանգ խաղալ միջուկային «գնդակով»: Իսկ Ռուսաստանը այդ ընթացքում հնարավորինս փորձելու է բոլոր կետերից դուրս մղել ԱՄՆ-ին, բայց դրա համար միայն դիվանագիտությունը բավարար չէ, ռեսուրսներ ու ֆինանսներ են պետք:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ